Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից

Եթե դուք ապրանքներ գնեք հղումների միջոցով, դուք կօգնեք «Սկանդինավյան Աշխարհ» կայքին: Գինը Ձեզ համար կմնա անփոփոխ:

Երևանյան Դարան գրախանութն է և Նորվեգական տարեցույց գրքի օրինակները սեղանին
Դարանում կգտնեք ամենաընթերցվող գրքերը

Ի՞նչ գրքեր կարդալ ― ահա այն կարևորագույն հարցը, որն իրենք իրենց տալիս են աշխարհի գրեթե բոլոր ընթերցասերները։ Նրանք փորձում են փնտրել ու գտնել այն բոլոր լավ գրքերը, որոնք մեծ պահանջարկ ունեն և որոնք արժե կարդալ, լինեն դրանք մանկական, թե նախատեսված լինեն մեծերի համար: Մենք այսուհետ կփորձենք ներկայացնել վերջին տասնամյակում աշխարհին հայտնի գրքերի ցանկը, որոնք, թարգմանվելով անգլերեն, լայն տարածում են գտել սկանդինավյան աշխարհի սահմաններից դուրս, մրցակցելով այլ լեզուներից թարգմանված անգլերեն գրքերի հետ:

Սկանդինավյան գրականությունը ներկայացնող գեղարվեստական գրքերն այսօր դասվում են ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերի շարքում և տարեցտարի ընդլայնում են իրենց աշխարհագրական սահմանները:

Ըստ բրիտանական «The Guardian» պարբերականի սկանդինավյան հեղինակների լույս ընծայած գրքերի անգլերեն թարգմանությունները լայն տարածում են գտել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

Հինգ տարի առաջ նույն պարբերականի կողմից իրականացված հարցումների արդյունքում առկա էր հետևյալ պատկերը.

Ամենապահանջված սկանդինավյան գրքերի ցուցակը գլխավորում է իսլանդացի գրող Գուդբերգուր Բերգսսոնը՝ իր «Թոմաս Յոնսսոն»* վեպով: Գիրքը իսլանդերենից անգլերեն է թարգմանել Լիթոն Սմիթը: Վեպի հերոսը թոշակառու բանկային ծառայող Թոմաս Յոնսսոնը, որին շատերը համարում են «իսլանդական Ուլիսես», պարփակվում է իր բնակարանի նկուղում և սկսում է գրել իր հուշերը, որոնք միտված են իսլանդական հասարակության մեջ արմատական փոփոխություններ խթանել:

Իսլանդացի գրող Գուդբերգուր Բերգսսոնը


Նրան հաջորդում է նորվեգացի գրող Դագ Սոլստադը՝ «Նովել 11, Գիրք 18»* վեպով: Գիրքը անգլերեն է թարգմանել Սվերրե Լինգստադը: Դագ Սոլստադի գրքերը մի ընդանուր նշանաբան ունեն, այն է. «Մենք ծնվել ենք, որպեսզի հայտնվենք անհարմար կացության մեջ՝ մինչ մեր վախճանը»: Վեպի հիսնամյա հերոսը՝ ոմն Բյորն Հանսենը, ակամա պարուրում է իրեն սարսափելի մտքերով, ըստ որոնց նրա կյանքը ղեկավարում է պատահականությունը՝ բախտախաղի սկզբունքով:

Նորվեգացի գրող Դագ Սոլստադը


Երրորդ հորիզոնականում Տիկին Նիլսենի «Անվերջանալի ամառը»* վեպն է, որը դանիերենից անգլերեն է թարգմանել Գայ Քինոխը: Հեղինակը՝ «Մադամ Նիլսենը», ժամանակակից դանիական գրականության նորարարներից մեկն է, իսկ նրա «Անվերջանալի ամառը» կարելի է դիտարկել որպես արձակ ոճով շարադրված մի չքնաղ քնարական պոեմ:

Դանիացի արձակագիր Մադամ Նիլսենը


Չորրորդ տեղում ծագումով Լապլանդիայից ֆինն գրող Յոհաննա Սինիսալոն է, իր «Ոչ մինչև մայրամուտ»* վեպով: Վեպը ստեղծվել է ֆիննական հանրահայտ երգի հիման վրա, ուր ասվում է, որ տրոլներին կարել է հանդիպել մինչև արևի քուն մտնելը: Զուր չէ, որ ԱՄՆ-ում և Կանադայում գիրքը լույս է տեսել հենց «Տրոլ» անվանումով: Տաղանդավոր ֆիննուհու վեպը թարգմանվել է շվեդերեն, ֆրանսերեն, լատիշերեն, ճապոներեն, չեխերեն, իսկ անգլերեն թարգմանել է Հերբերտ Լոմասը: Յոհաննա Սինիսալոյի այս ժամանակակից առակը մի ուրույն մեկնաբանություն է մարդ-բնություն հարաբերության մասին:

Ծագումով Լապլանդիայից ֆինն գրող Յոհաննա Սինիսալոն


Հաջորդը տաղանդաշատ շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար Թոմաս Թրանսթրյոմերն է, իր «Բանաստեղծությունների նոր ժողովածու»* գրքով: 2011 թվականին Թոմաս Թրանսթրյոմերի գրական գործունեությունը գնահատվել է Նոբելյան մրցանակով:

Շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար Թոմաս Թրանսթրյոմերը


Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է գրենլանդացի արձակագիր Նիվիաք Կորնելիուսսենը՝ իր «Կրիմսոն» *վեպով: Գիրքը գրվել է աշխարհին քիչ հայտնի գրենլանդերեն լեզվով, ինչն ինքնին ողջունելի նախաձեռնություն է, իսկ անգլերեն է թարգմանվել Նիվիաք Կորնելիուսսենի կողմից դանիերեն թարգմանված տարբերակից: Այն անգլերեն է թարգմանել Աննա Հալագերը:

Հաջորդ տեղում Դանիայի տաղանդավոր դուստր, գրող Դորթե Նորսի «Հայելի, ուս, ազդանշան» վեպն* է: Գրքի հերոսուհին Յուտլանդիայի գյուղերից մեկից տեղափոխվում է Կոպենհագեն և, ցանկանալով կառուցել իր նոր կյանքը, փորձում է վարորդական դասեր ստանալ: Քառասունն անց Սոնյային առջևում դիմավորում են քաղաքային գլխապտույտ իրադարձությունները, իսկ աչքերին երևում են մեքենայի դիմապակու հայելիում հայտնված և թիկունքում թողած հայրենի հիշողությունների պատկերները:

Դանիացի տաղանդավոր գրող Դորթե Նորսը


Ութերորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆարերյան կղզիները ներկայացնող գրող Վիլյամ Հայնեսենը՝ իր «Աշտարակը աշխարհի ծայրին»* գրքով: Վիլյամ Հայնեսենին արժանիորեն կարելի է դասել XX դարի սկանդինավյան այնպիսի հանճարեղ գրողների շարքում, ինչպիսիք են իսլանդացի Հալդոր Լաքսնեսը, դանիացի Կարեն Բլիկսենը, նորվեգացի Քնութ Համսունը և այլոք: «Աշտարակը աշխարհի ծայրին» վեպը անգլերեն է թարգմանել Ֆարերյան կղզիների գրական ակադեմիայի սկանդինավյան գրականության պրոֆեսոր ՈՒ Գլին Ջոնսը:

Հաջորդը շվեդ գրող Սառա Սթրիդսբերգն է իր «Սիրո ձգողականությունը» վեպով*: Վեպը անգլերեն է թարգմանել Դեբորահ Բրագան-Թըրները: Վեպի հերոսուհին՝ կյանքից հիասթափված և հոգեբուժարանում ապրող հարբեցողի դուստրը, իր վրա է կրում դաժան ու խոցելի կյանքի գրեթե բոլոր դժվարությունները, անցնում դրանց միջով և շարունակում է մնալ մարդասեր և վճռական իր հետագա գործողությունների ծիրում:

Շվեդ գրող Սառա Սթրիդսբերգը


Տասներորդ հորիզոնականում իսլանդացի քնարերգու Սիգուրդուր Փալսսոնն է իր «Ձայների մեջ, լույսից անդին»* ժողովածուով: Գրքում տեղ են գտել 1980 թ.-ից մինչ 2008 թ.-ը հրատարակված բանաստեղծություններից լավագույնները: Բնության հրաշքները առաջ մղող պոետը փորձում է բացահայտել կյանքի ուրախության այլազան շերտերը: Ըստ Սիգուրդուր Փալսսոնի տիեզերքը սեղմվում է և աշխարհը ամբողջացնող բազմաշերտ կտավի միջնաթելերը խմբվում են իրար վրա՝ պատճառ հանդիսանալով բնության ու մարդու կողմից ստեղծված արդյունքների միաձուլման:
Երկլեզու գրքի անգլերեն մասը թարգմանել է Մարտին Ռեգալը:

Սկանդինավյան գրականություն բաժնի մեր հաջորդ հոդվածներում կփորձենք ներկայացնել նորվեգական, դանիական, ֆիննական, շվեդական և իսլանդական ժամանակակից գրքերի մասին պատմող ծավալուն տեղեկություններ, իսկ հետաքրքիր գրքերի հայերեն թարգմանությունների մասին կծավալվենք ավելի հանգամանալից:

Ինչևէ, զինվեք համբերությամբ և հին ու նոր լավագույն գրքերի մասին պատմությունները չեն ուշանա, լինեն դրանք դետեկտիվ գրքեր, ռոմանտիկ գրքեր կամ պարզապես գրքեր սիրո մասին:

Երազների իրականացման արշավը շարունակվում է...

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Երևանյան Դարան գրախանութն է և Նորվեգական տարեցույց գրքի օրինակները սեղանինԵրևանյան Դարան գրախանութն է և Նորվեգական տարեցույց գրքի օրինակները սեղանին

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Notice

We and selected third parties use cookies or similar technologies for technical purposes and, with your consent, for functionality, experience, measurement and “marketing (personalized ads)” as specified in the cookie policy.

You can freely give, deny, or withdraw your consent at any time by accessing the preferences panel. Denying consent may make related features unavailable.

Use the “Accept” button to consent. Use the “Reject” button to continue without accepting.