Սկանդինավյան խոհանոցի պերճաշուք հաղթանակը

Աջ անկյունում Փոլ Բոքյուզն է, ձախ կողմում Ոսկե Բոքյուզ-ի մրցանակներն են, մեջտեղում և ներքևում ուտեստներ ենԱջ անկյունում Փոլ Բոքյուզն է, ձախ կողմում Ոսկե Բոքյուզ-ի մրցանակներն են, մեջտեղում և ներքևում ուտեստներ են
Ոսկե Բոքյուզ-ը խոհարարական աշխարհի դրոշակակիրն է , © Խճանկարը ձևավորված է ազատ վիքիպեդիայի և այլ հեղինակների լուսանկարներից՝ Alain Elorza, Thesurvived99, Engin Akyurt, Christo Anestev

Դանիացի խոհարարները Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող «Ոսկե Բոքյուզ - 2023» խոհարարական միջազգային առաջնությունում հաղթող ճանաչվեցին և գրավեցին առաջին տեղը: Երկրորդ, ոչ պակաս պատվավոր տեղում նորվեգացիներն էին, իսկ երրորդ տեղը զբաղեցրին հունգարացիները:

Ոսկե Բոքյուզը ( Bocuse d'Or ) աշխարհի ամենահեղինակավոր գաստրոնոմիական մրցույթն է, որն անցկացվում է երկու տարին մեկ և որտեղ խոհարարական արվեստի քանքարավորները իրենց հմտություններով ապշեցնում են հանդիսականներին և քմաճաշակ մրցավարներին:

«Ոսկե բոքյուզ» խոհարարների մրցույթ-փառատոնը հաճախ համարում են բարձր խոհանոցի այսպես կոչված Օսկարի մրցանակաբաշխությունը։

Տարբեր երկրներից ժամանած 24 թիմեր 5,5 ժամվա ընթացքում, շեֆ խոհարարների գլխավորությամբ, պետք է կյանքի կոչեին իրենց մտահղացումները: Մրցակարգը բաղկացած էր երկու առաջադրանքից՝

1. «Կերակրիր երեխաներին» բաժինը առաջին հերթին իրենից պետք է ներկայացներ սննդարար և առողջարար ուտեստի պատրաստում, բայցև խոհարարական հմտությունները ցուցադրելուց զատ, խոհարարներին անհրաժեշտ էր իրենց ուտեստներին հրապուրիչ ձև հաղորդել, որպեսզի մանկիկները միայն դրանց տեսքից արդեն գայթակղվեին և ձգտեին դեպի կերակուրը:

2. Հաջորդ առաջադրանքով խոհարարները պարտավոր էին 15 հոգու համար տաք կերակուր պատրաստել օգտագործելով ձուկ և ծովային երկփեղկ փափկամարմիններ: Խոհարարական տեխնիկայի և արագության հետ մեկտեղ, մրցավարների կողմից գնահատվելու էր նաև տվյալ կերակրի պատրաստման մեջ ազգային մշակույթի յուրահատուկ բաղադրիչի ներառումը:

Եվ այսպես, Նորվեգիան, որը մրցույթի գրեթե ողջ ընթացքում և մինչև մրցամարտի ավարտը ամենահավանական հաղթողն էր համարվում, վերջին պահին զիջեց իր դիրքերը և իրենից առաջ թողեց իրեն սահմանակից, սկանդինավյան մեկ այլ երկրի՝ Դանիային: Երրորդ տեղը համեստորեն զբաղեցրին հունգարացիները:

Հատկանշականն այն էր, որ Դանիացի խոհարարներին 2023 թվականի հունվարյան վերջին շաբաթում անցկացվող մրցույթում օգնության եկավ սատանան, այո-այո՜, նույն ինքը՝ սատանա՛ն, կերպարանափոխված ձկան, այսպես կոչված եվրոպական ծովային սատանան (Lophius piscatorius):

Ծովային սատանային որսացել են Նորվեգիայի Ավերոյ կղզու մոտակայքում , © Նկարը վերցված է ազատ վիքիպեդիայից, հեղինակ՝ Meocrisis

Զուր չէ, որ իռլանդացի հանրահայտ գրող Ջեյմս Ջոյսն իր «Ուլիսեսում» գրել է.

«Աստված ստեղծեց կերակուրը, իսկ սատանան՝ խոհարարներին»:

Եվ ահա, այս սատանայական ձկան միսը օգտագործելով և յուրահատուկ համեմունքներով պարարտացնելով Դանիայից Լիոն ժամանած արհեստավարժ խոհարարները՝ Բրայան Մարկ Հանսենի (Brian Mark Hansen), գլխավորությամբ իրենցից հետ թողնելով մյուս ոչ պակաս տաղանդավոր խոհարարներին, արժանացան խոհարարական աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի պատվավոր ոսկե գավաթին:
«ՈսկեԲոքյուզ - 2023» մրցույթում կազմակերպիչների կողմից նախանշված ուտեստների պատրաստման պարտադիր բաղադրատոմսում ծովային սատանան միակ ծովամթերքը չէր: Հրեշանման այս ձկնատեսակի հետ մեկտեղ խոհարարներն իրենց ուտեստները պատրաստելիս պետք է օգտագործեին նաև ծովային փափկամարմիններ, մասնավորապես թագավորական երկփեղկավորներ (Pectinidae):

Ծովային երկփեղկ փափկամարմին (Pectinidae) , © Հեղինակ՝ Monica Volpin

Այստեղ եկեք մի երկու խոսքով նկարագրենք «Ոսկե Բոքյուզ» անունը կրող աշխարհի ամենահեղինակավոր խոհարարական մրցույթը:
1987 թվականին ֆրանսիացի մեծանուն խոհարար Փոլ Բոքյուզի ջանքերի շնորհիվ 1983 թվականից ֆրանսիական Լիոն քաղաքում տեղի ունեցող խոհարարական ցուցահանդեսները վերածվեցին մրցույթի, որի ժամանակ, ի տարբերություն նմանատիպ այլ մրցույթների, խոհարարները պետք է ուտեստները պատրաստեին հանդիսատեսների աչքի առաջ:
Այժմ արդեն խոհարարական օլիմպիադայով հետաքրքվողները մրցույթների արդյունքներին կարող են ծանոթանալ նույնիսկ առցանց:

1997 թվականին Լիոնի հեղինակավոր մրցույթում մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Մեքսիկայից ժամանած երկրպագուները իրենց հայրենակից խոհարարին ոգևորելու համար սկսեցին նվագել իրենց ավանդական մարիաչին: Նվագախումբը հնչեցրեց պարեղանակը և տաքարյուն ացտեկների հետնորդները սկսեցին ճչոցներով և բարձրաձայն ծափողջույններով համալրել թմբուկներից և շեփորներից արձակվող ձայները: Շուրջբոլորը կենդանացավ և լրացուցիչ խանդավառություն հաղորդեց խոհարարական այդ շքեղ հանդեսին: Միջադեպից հանկարծակի եկած կազմակերպիչներն ու մրցավարները այնուամենայնիվ սթափվեցին և մրցույթի ավարտից հետո որոշում կայացրին Մեքսիկայից ժամանած խոհարարներին և նրանց ջերմեռանդ երկրպագուներին պատժել և արգելել նրանց մասնակցել հաջորդ մրցումներին: Սակայն, մի երկու տարի անց, երբ կրքերը կարծես թե հանդարտվեցին, կազմակերպիչները չեղյալ համարեցին այդպիսի խիստ որոշումը և «Ոսկե Բոքյուզ»-ում վերստին տիրեց ջերմ ու խանդավառ մթնոլորտ:

Եթե 1987 թվականից մինչ այսօր «Ոսկե Բոքյուզ» մրցույթների անցկացման ընթացքում հետևելու լինենք սկանդինավյան երկրների կողմից գրանցած արդյունքների վիճակագրական տվյալներին, ապա կունենանք հետևյալ պատկերը՝

Նորվեգիա — 5 ոսկե մեդալ (1993, 1999, 2003, 2009, 2015),
4 արծաթե մեդալ (1991, 2005, 2017, 2023),
4 բրոնզե մեդալ (1997, 2011, 2019, 2021)

Դանիա — 3 ոսկե մեդալ (2011, 2019, 2023),
4 արծաթե մեդալ (1993, 2007, 2013, 2021),
1 բրոնզե մեդալ (2005)

Շվեդիա — 1 ոսկե մեդալ (1997),
5 արծաթե մեդալ (1995, 2001, 2009, 2011, 2019),
1 բրոնզե մեդալ (2015)

Իսլանդիա — 2 բրոնզե մեդալ (2001, 2017)



Ճիշտ է, մինչ այժմ ֆրանսիացի խոհարարները նվաճել են 7 ոսկե մեդալ, սակայն ավելի ուշադիր ծանոթանալով վերը նշված արդյունքներին, ստացվում է, որ մեր պատկերացումները այն մասին, որ Ֆրանսիան ու Իտալիան են համարվում Եվրոպայի ամենաակնառու շեֆ-խոհարարները, մեղմ ասած այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Սկանդինավիան այստեղ նույնպես առաջնորդող դիրքեր է զբաղեցնում:
Սկանդինավյան աշխարհի խոհանոցը, մեր հավատարիմ Ընթերցո՛ղ, այսուհետ Քեզ կծանոթացնի հյուսիսցիների կողմից համադամասերներին ներկայացվող ուտեստներին և դրանց պատրաստման դեռ չբացահայտված գաղտնիքներին:

Տեսնում ենք աչքերով...
Կշտանում ենք ուտելով...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Աջ անկյունում Փոլ Բոքյուզն է, ձախ կողմում Ոսկե Բոքյուզ-ի մրցանակներն են, մեջտեղում և ներքևում ուտեստներ ենԱջ անկյունում Փոլ Բոքյուզն է, ձախ կողմում Ոսկե Բոքյուզ-ի մրցանակներն են, մեջտեղում և ներքևում ուտեստներ են

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Սկանդինավյան խոհանոցի մասին կարդացեք նաև՝