Սկանդինավյան խոհանոցի պերճաշուք հաղթանակը
«Ոսկե բոքյուզ» խոհարարների մրցույթը հաճախ համարում են բարձր խոհանոցի Օսկարի մրցանակաբաշխություն։ Սկանդինավյան երկրները մրցույթի հաճախակի հաղթողների շարքում են

Դանիացի խոհարարները Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող «Ոսկե Բոքյուզ - 2023» խոհարարական միջազգային առաջնությունում հաղթող ճանաչվեցին և գրավեցին առաջին տեղը: Երկրորդ, ոչ պակաս պատվավոր տեղում նորվեգացիներն էին, իսկ երրորդ տեղը զբաղեցրին հունգարացիները:
Ոսկե Բոքյուզը ( Bocuse d'Or ) աշխարհի ամենահեղինակավոր գաստրոնոմիական մրցույթն է, որն անցկացվում է երկու տարին մեկ և որտեղ խոհարարական արվեստի քանքարավորները իրենց հմտություններով ապշեցնում են հանդիսականներին և քմաճաշակ մրցավարներին:
«Ոսկե բոքյուզ» խոհարարների մրցույթ-փառատոնը հաճախ համարում են բարձր խոհանոցի այսպես կոչված Օսկարի մրցանակաբաշխությունը։
Տարբեր երկրներից ժամանած 24 թիմեր 5,5 ժամվա ընթացքում, շեֆ խոհարարների գլխավորությամբ, պետք է կյանքի կոչեին իրենց մտահղացումները: Մրցակարգը բաղկացած էր երկու առաջադրանքից՝
1. «Կերակրիր երեխաներին» բաժինը առաջին հերթին իրենից պետք է ներկայացներ սննդարար և առողջարար ուտեստի պատրաստում, բայցև խոհարարական հմտությունները ցուցադրելուց զատ, խոհարարներին անհրաժեշտ էր իրենց ուտեստներին հրապուրիչ ձև հաղորդել, որպեսզի մանկիկները միայն դրանց տեսքից արդեն գայթակղվեին և ձգտեին դեպի կերակուրը:
2. Հաջորդ առաջադրանքով խոհարարները պարտավոր էին 15 հոգու համար տաք կերակուր պատրաստել օգտագործելով ձուկ և ծովային երկփեղկ փափկամարմիններ: Խոհարարական տեխնիկայի և արագության հետ մեկտեղ, մրցավարների կողմից գնահատվելու էր նաև տվյալ կերակրի պատրաստման մեջ ազգային մշակույթի յուրահատուկ բաղադրիչի ներառումը:
Եվ այսպես, Նորվեգիան, որը մրցույթի գրեթե ողջ ընթացքում և մինչև մրցամարտի ավարտը ամենահավանական հաղթողն էր համարվում, վերջին պահին զիջեց իր դիրքերը և իրենից առաջ թողեց իրեն սահմանակից, սկանդինավյան մեկ այլ երկրի՝ Դանիային: Երրորդ տեղը համեստորեն զբաղեցրին հունգարացիները:
Հատկանշականն այն էր, որ Դանիացի խոհարարներին 2023 թվականի հունվարյան վերջին շաբաթում անցկացվող մրցույթում օգնության եկավ սատանան, այո-այո՜, նույն ինքը՝ սատանա՛ն, կերպարանափոխված ձկան, այսպես կոչված եվրոպական ծովային սատանան ( Lophius piscatorius ):
Զուր չէ, որ իռլանդացի հանրահայտ գրող Ջեյմս Ջոյսն իր «Ուլիսեսում» գրել է.
«Աստված ստեղծեց կերակուրը, իսկ սատանան՝ խոհարարներին»:
Եվ ահա, այս սատանայական ձկան միսը օգտագործելով և յուրահատուկ համեմունքներով պարարտացնելով Դանիայից Լիոն ժամանած արհեստավարժ խոհարարները՝ Բրայան Մարկ Հանսենի (Brian Mark Hansen) , գլխավորությամբ իրենցից հետ թողնելով մյուս ոչ պակաս տաղանդավոր խոհարարներին, արժանացան խոհարարական աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի պատվավոր ոսկե գավաթին:
«ՈսկեԲոքյուզ - 2023» մրցույթում կազմակերպիչների կողմից նախանշված ուտեստների պատրաստման պարտադիր բաղադրատոմսում ծովային սատանան միակ ծովամթերքը չէր: Հրեշանման այս ձկնատեսակի հետ մեկտեղ խոհարարներն իրենց ուտեստները պատրաստելիս պետք է օգտագործեին նաև ծովային փափկամարմիններ, մասնավորապես թագավորական երկփեղկավորներ ( Pectinidae ):
Այստեղ եկեք մի երկու խոսքով նկարագրենք «Ոսկե Բոքյուզ» անունը կրող աշխարհի ամենահեղինակավոր խոհարարական մրցույթը:
1987 թվականին ֆրանսիացի մեծանուն խոհարար Փոլ Բոքյուզի ջանքերի շնորհիվ 1983 թվականից ֆրանսիական Լիոն քաղաքում տեղի ունեցող խոհարարական ցուցահանդեսները վերածվեցին մրցույթի, որի ժամանակ, ի տարբերություն նմանատիպ այլ մրցույթների, խոհարարները պետք է ուտեստները պատրաստեին հանդիսատեսների աչքի առաջ:
Այժմ արդեն խոհարարական օլիմպիադայով հետաքրքվողները մրցույթների արդյունքներին կարող են ծանոթանալ նույնիսկ առցանց:
1997 թվականին Լիոնի հեղինակավոր մրցույթում մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Մեքսիկայից ժամանած երկրպագուները իրենց հայրենակից խոհարարին ոգևորելու համար սկսեցին նվագել իրենց ավանդական մարիաչին: Նվագախումբը հնչեցրեց պարեղանակը և տաքարյուն ացտեկների հետնորդները սկսեցին ճչոցներով և բարձրաձայն ծափողջույններով համալրել թմբուկներից և շեփորներից արձակվող ձայները: Շուրջբոլորը կենդանացավ և լրացուցիչ խանդավառություն հաղորդեց խոհարարական այդ շքեղ հանդեսին: Միջադեպից հանկարծակի եկած կազմակերպիչներն ու մրցավարները այնուամենայնիվ սթափվեցին և մրցույթի ավարտից հետո որոշում կայացրին Մեքսիկայից ժամանած խոհարարներին և նրանց ջերմեռանդ երկրպագուներին պատժել և արգելել նրանց մասնակցել հաջորդ մրցումներին: Սակայն, մի երկու տարի անց, երբ կրքերը կարծես թե հանդարտվեցին, կազմակերպիչները չեղյալ համարեցին այդպիսի խիստ որոշումը և «Ոսկե Բոքյուզ»-ում վերստին տիրեց ջերմ ու խանդավառ մթնոլորտ:
Եթե 1987 թվականից մինչ այսօր «Ոսկե Բոքյուզ» մրցույթների անցկացման ընթացքում հետևելու լինենք սկանդինավյան երկրների կողմից գրանցած արդյունքների վիճակագրական տվյալներին, ապա կունենանք հետևյալ պատկերը՝
Նորվեգիա — 5 ոսկե մեդալ (1993, 1999, 2003, 2009, 2015),
4 արծաթե մեդալ (1991, 2005, 2017, 2023),
4 բրոնզե մեդալ (1997, 2011, 2019, 2021)
Դանիա — 3 ոսկե մեդալ (2011, 2019, 2023),
4 արծաթե մեդալ (1993, 2007, 2013, 2021),
1 բրոնզե մեդալ (2005)
Շվեդիա — 1 ոսկե մեդալ (1997),
5 արծաթե մեդալ (1995, 2001, 2009, 2011, 2019),
1 բրոնզե մեդալ (2015)
Իսլանդիա — 2 բրոնզե մեդալ (2001, 2017)
Ճիշտ է, մինչ այժմ ֆրանսիացի խոհարարները նվաճել են 7 ոսկե մեդալ, սակայն ավելի ուշադիր ծանոթանալով վերը նշված արդյունքներին, ստացվում է, որ մեր պատկերացումները այն մասին, որ Ֆրանսիան ու Իտալիան են համարվում Եվրոպայի ամենաակնառու շեֆ-խոհարարները, մեղմ ասած այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Սկանդինավիան այստեղ նույնպես առաջնորդող դիրքեր է զբաղեցնում:
Սկանդինավյան աշխարհի խոհանոցը, մեր հավատարիմ Ընթերցո ՛ ղ, այսուհետ Քեզ կծանոթացնի հյուսիսցիների կողմից համադամասերներին ներկայացվող ուտեստներին և դրանց պատրաստման դեռ չբացահայտված գաղտնիքներին:
Տեսնում ենք աչքերով...
Կշտանում ենք ուտելով...
Էանում ենք երազելով...